ՀՕՖ-Ի ՄԱՍԻՆ

Մեր մասին

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) բարեգործական կազմակերպություն է, որի գործունեության նպատակը Հայաստանի, Արցախի և Ջավախքի հայերի համար խոստումնալից ապագա կառուցելն է։ ՀՕՖ-ն աջակցում ու օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին, առաջնորդում ու հնարավորության դուռ բացում այն փնտրողներին։ 

 

Ներկայում ՀՕՖ-ը ծրագրեր է իրականացնում երեխաների պաշտպանության, տնտեսական զարգացման, առողջապահության, սոցիալական, կրթական ու մասնագիտական առաջխաղացման բնագավառներում:

 

Այս ծրագրերի շնորհիվ ՀՕՖ-ը վերափոխում է շատերի կյանքը, ապաստան և աջակցություն է տրամադրում երեխաների առավել խոցելի խմբերին, խրախուսում է երիտասարդներին լավ սովորել ու հաջողության հասնել նախ դպրոցում, ապա` մասնագիտության մեջ, վերապատրաստում է առողջապահության ոլորտի մասնագետներին, որպեսզի նրանք էլ իրենց համայնքներում բարեփոխումներ իրականացնեն։

 

Եվ սա դեռ ամենը չէ։

our-mission.jpg
history.jpg

ՀՕՖ-ի պատմությունը

1988թ. դեկտեմբերին կյանքը Հայաստանում կտրուկ փոխվեց։ Երկրաշարժը վայրկյանների ընթացքում հիմնովին ավերեց Գյումրին և հողին հավասարեցրեց Սպիտակի շրջանը։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավորներն էլ մնացին անտուն ու անոթի։  

Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում բնակվող մեր երեք հայրենակիցները՝ Արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը, Գևորգ Հովանյանը և դոկտոր Էդգար Մ. Հովսեփյանը, համախմբեցին ուժերը, որպեսզի մարդասիրական օգնություն ցուցաբերեն արհավիրքից տուժածներին։ Նրանց աջակցությունը Խորհրդային Հայաստանի պատմության մեջ հիշվելու էր որպես ՀՕՖ-ի առաջին հումանիտար օգնություն, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարողացան դիմակայել աղետի հետևանքներին։

 

Հայ օգնության ֆոնդը, լինելով մարդասիրական և զարգացման ծրագրերի առաջամարտիկ, երկրաշարժին հաջորդող 10 տարիների ընթացքում էլ շարունակեց աջակցել բոլոր կարիքավորներին: Խորհրդային Միության փլուզման, Լեռնային Ղարաբաղի պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած անորոշությունը անտարբեր չէր կարող թողնել ՀՕՖ-ին, որն ավելի թափով լծվեց հայերին աջակցելու իր առաքելությանը։

Պաշտոնապես գրանցվելով 1993 թվականի մարտին որպես ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՕՖ-ը ստացավ հարկազատման  501 (գ) (3) վկայական։ Ավելի քան 30 տարի ՀՕՖ-ը հումանիտար աջակցություն ցուցաբերողից դարձել է Հայաստանի փոխակերպմանը նպաստող կարևոր կազմակերպություններից մեկը։

Բարերարների մեծահոգության շնորհիվ 1993թ. սկսած՝ ՀՕՖ-ը նախաձեռնել և իրականացրել է ավելի քան 350 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 290 մարդասիրական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր։